Դերենիկ Դեմիրճյան «Հայը»

.Կարդա՛ պատմվածքը: Մուգ  նշված բառերի բացատրությունները գրի՛ր, բացատրի՛ր:

Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքա~ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա~ն խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա~ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա~ն հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի~ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է:

Ահա նայի՛ր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար հավաքի, գնա, խանութ բաց անի։ Մարդն իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը:

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ։ Բայց անցիր նրա երկրով։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Քաղաքականության մեջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել: Այնա~ն անկեղծ է ու միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող։ Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և  կռվում վիշապի նման։ Բարի է առհասարակ, և առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։  Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է:

Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում …«Ջարդի՛ր ինձ,- ասում է նա,- ահա՜ քո պատիժը և իմ վրեժը»։ Թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում թաքնված, և դա այն արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում՝ չի ուզում: Չի սիրում ո՜չ ստրկություն, ո՜չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն:

Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

«Ոչինչ չեմ ուզում ձեզանից,-ասում է նա իր նեղիչներին,-ձեզ լինի ձեր  երջանկությունը, գնացե՜ք, ապրեցեք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան՝ Ազատությունը»:

խաբուսիկ-թվացող, երևացող
գրաստ-բեռնակիր կամ հեծնելի ընտանի կենդանի
ինքնախորտակումն-
գաղթական-պանդուխտ, օտարական
խլուրդի ծակուռ-
գողտրիկ-քնքուշ ու գեղեցիկ
Ռամիկ-աշխատավորական խավերին պատկանող մարդ, գեղջոլկ, գյուղացի
ըմբոստ-հանդուգն, հակառակող, չլսող
գժտվեց-
ոխակալ-ոխ պահող, քինախնդիր
առաքինությո՞ւնն-
խոշտանգում-խոշտանգելը
մեկուսի-մեկուսացած

.  Քո բլոգում զուգահեռ վերլուծություն անցկացրո՛ւ  Վիլյամ Սարոյանի  «Հայն ու հայը»  և Դերենիկ Դեմիրճյանի «Հայը»  պատմվածքների միջև։

  1. Ինչպիսի՞ն է հայի տեսակը՝ ըստ Վ․ Սարոյանի պատմվածքի։ Իսկ ինչպե՞ս այդ տեսակը դու ինքդ բնութագրես:
    Ըստ Վ. Սարոյանի Հայը ցանկացած իրավիճակում մնում էր հայ նույնիսկ օտարության մեջ նա դիմանում է ու պահպանում է իր Հայկականը:
    Ըստ իս Հայը ամենաուժեղ դիմացկուն ու խելացի ազգն է: Չնայած ցրված ենք ամբողջ աշխարհով մեկ, բայց անհրաժեշտության դեպքում մի բռունցքի պես համախմբվում ենք:

  2. Ի՞նչ կարևոր տարրեր կան, որոնք հային հայ են պահում, տեսակը պահպանում, աշխարհի որ ծայրում էլ լինի։
    Մենք դիմացկուն ենք, աշխատասեր ենք մի քարից հաց կարող ենք սարքել, որտեղ էլ լինենք մի հայացքից կիմանանք, որ հայ ենք, դժվարության ժամանակ համախմբվում ենք, ավանդապաշտ ենք, սիրում և գնահատում ենք ընտանիքը նաև, որտեղ լինենք եկեղեցի, դպրոց ու խաչքար ենք կառուցում:

  3. Հայի ո՞ր տեսակի ու հատկանիշների մասին է խոսում Դ․Դեմիրճյանը։ Ո՞ր մտքերի հետ  համամիտ չես, ո՞րի հետ՝ համամիտ։ Ինչո՞ւ, արտահայտի՛ր փաստացի կարծիք-վերաբերմունքդ։
    Դ. Դեմիրճյանի ասածը հայերի մասին գուց է ճշմարտացի է, բայց իմ կարծիքով մի քիչ կոպիտ էր: Նա ասում է ՙՙՀայը բարեկամությունը վանում է, Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտը:՚՚ այս արտահայտություների հետ ես համաձայն չեմ:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s