Կովկասյան կենսաբազմազանության կենտրոնի գործունեությունը Հայաստանում

Կենսաբազմազանության պահպանություն
ԿԿԱ(Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում) ամբողջ տարածքում տեղադրված են ուղիղ հեռարձակում ապահովող և GPS-ով կառավարվող նոր սերնդի թակարդ-տեսախցիկներ, որոնց առավելությունը, ի թիվս ճշգրիտ տվյալների ապահովման, հեռահար կառավարումն ու 24/7 մշտադիտարկման հնարավորությունն է: Ապաստարանի տեսախցիկները ոչ միայն ուղիղ անցում են ապահովում դեպի վայրի բնություն, այլև կանխում են ապօրինի ներխուժումները և որսագողությունը՝ ապահովելով տարածքի անվտանգությունը: 2011-2017թթ. ընթացքում տեսանյութերի վերլուծությամբ տարածքում գրանցվել է կարմիրգրքային կենդանատեսակների քանակական աճ, որոնց թվում՝ բեզոարյան այծեր, գորշ արջեր, մորուքավոր անգղեր, քարարծիվներ, սպիտակագլուխ անգղեր և երկարաոտն սցինկ: Տարածքում բազմիցս տեսագրվել են գորշ գայլեր, կովկասյան լուսաններ, գորշուկներ, կզաքիսազգիներ և վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ տեսանկարահանվել է Կովկասյան հովազը, որից, ըստ ԲՊՄՄ(Բնության պահպանության միջազգային միություն) Կարմիր ցուցակի ՀՀ-ում կարող է հանդիպել առավելագույնը 8-13 առանձնյակ:

Նորարարություն
ԿԿԱ-ի առանցքային գործունեությունը միտված է Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությանը՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ, իսկ կենսաբազմազանության պահպանության նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է։ Նոր սերնդի թակարդ տեսախցիկները հնարավորություն են ընձեռում ոչ միայն գրանցել կենդանիների թվաքանակն ու տեղաշարժը, այլև հաջողությամբ տեսանկարահանում են որսագողերին և տարածք ապօրինի մուտք գործած անձանց:
Հաշվի առնելով ԿԿԱ-ի կլիմայական պայմանները՝ որպես հերթական նորարարություն ԿԿԱ-ի ծառատնկման նախագծում առաջին անգամ կիրառվել է հիդրոգել՝ ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, ինչպես նաև տեղադրվել է ոռոգման կաթիլային և խորն արմատային ջրման նորագույն համակարգ, ինչն ապահովում է շուրջ 3500 վայրի պտղատու ծառատեսակների ջրումը կիսաչորային գոտում:

Համայնքային զարգացում
ԿԿԱ-ի մոդելների կիրառման արդյունքում հարակից թիրախային համայնքները անմիջականորեն ներառվում են տարածքի կենսաբազմազանության պահպանման գործում, ստեղծվում են մշտական և սեզոնային աշխատատեղեր, զարգանում են էկո-զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, գյուղական համայնքներում խթանվում է փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: Այսպես օրինակ, տարածքի անտառապահները, էկո-զբոսավարները, խոհարարները և սպասարկող անձնակազմը տեղաբնակներ են, իսկ էկո-կենտրոնում իրացվող բնամթերքի մատակարարները՝ մոտակա համայնքների բնակիչները, ում գործունեությանը աջակցելու նպատակով հիմք է դրվել ՓՄՁ(Փոքր և միջին ձեռնարկատիրություն) զարգացմանը հարակից համայնքային փնջում: Զարգացման երրորդ բաղադրիչը համայնքի ենթակառուցվածքների վերանորոգումն ու արդիականացումն է, ինչպես օրինակ ջրամատակարարման ցանցի բարելավումը, էներգախնայող լուսարձակներով փողոցային լուսավորության ապահովումը, արևային վահանակների տեղադրումը և կրթական հաստատությունների վերանորոգումն ու վերազինումը:

Նախագծեր

  1. Կովկասյան հովազի պահպանություն
    Կովկասյան հովազը ընդգրկված է թե՛ ՀՀ կարմիր գրքում` որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» CR C2a(i), թե՛ ԲՊՄՄ(Բնության պահպանության միջազգային միություն) Կարմիր ցուցակում «Վտանգված» կարգավիճակով: Հայաստանում հովազի թվաքանակի կրճատման պատճառներից են մարդածին գործունությունը, որսագողությունը և կերային բազայի նվազումը:
  2. Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
    Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն առաջին կառույցն է Հայաստանում, որը զբաղվում է անազատ և կիսազատ պայմաններում ապօրինաբար պահվող կարմիրգրքային վայրի կենդանիների փրկման և վերականգնողական աշխատանքներով: Այն ենթադրում է երկարաժամկետ համագործակցություն ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հասարակական ու պետական կազմակերպությունների հետ՝ խնդրին բազմակողմանի լուծում տալու համար՝ օրենսդրության վերանայումից մինչև փրկված արջերի համար ապաստարանների ստեղծում ու վերադարձ վայրի բնություն։
  3. Ծառատնկումներ նորարար տեխնոլոգիաներով
    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) անտառվերականգնման նախաձեռնությունը՝ տնկարանային տնտեսությունը, հիմնվել է 2016թ.-ին։ Այն ծառայում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմանը։ Փակ արմատային համակարգով տնկիների արտադրությունը համարվում է բարձրորակ տնկանյութի արտադրության հիմնական մեթոդ։ Այս տեխնոլոգիայով արդեն ցանվել են նշենու, խնձորենու, բալենու, սալորենու, տանձենու ու գերիմաստիի ավելի քան 5000 սերմեր: Չափիչ սարքավորումներով մշտադիտարկվում են հիմնական բնակլիմայական պայմանները, որոնք աշխատանքն առավել դյուրին և փաստավորված են դարձնում։
  4. Էկո-կենտրոն
    Ուրցաձորի էկո-կենտրոնը աշխատանքային ու կրթական հարթակ է գիտնականների և ուսանողների համար, ինչպես նաև՝ էկո-զբոսաշրջիկների կացարան: Այն առաջարկում է բնապահպանական դասընթացներ և սեմինարներ հարակից համայնքների բնակիչների, ինչպես նաև դպրոցականների և ուսանողների համար: Ավելին, կենտրոնը հանդես է գալիս նաև որպես գիտական հետազոտությունների անցկացման և էկո-տուրիզմի զարգացման կենտրոն՝ նպաստելով համայնքի զարգացմանը: 

Թողնել մեկնաբանություն